ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Հայաստան

Մայրաքաղաք Երևան
Բնակչություն 2.998.600
Տարածք 29,743 կմ²
Դրամական միջոց AMD
Կոդ +374

Հայ ժողովուրդը կազմավորվել ու իր պատմական ուղին է անցել Հայկական լեռնաշխարհում։ Դա հնագույն մարդու նախնական բնակեցման այն տարածքներից է, որը հարուստ է նախնադարի բոլոր փուլերին վերաբերող հուշարձաններով։

Քարի դարն ընդունված է բաժանել 3 փուլերի՝ հին քարի դար (պալեոլիթ, մինչև մ.թ.ա. XII հազարամյակ), միջին քարի դար (մեզոլիթ, մ.թ.ա. XII հազարամյակ - մ.թ.ա. VII հազարամյակի կեսեր) և նոր քարի դար (նեոլիթ մ.թ.ա. VII հազարամյակի կեսեր - մ.թ.ա. V հազարամյակի կեսեր), որոնցից յուրաքանչյուրն իրենց հերթին բաժանվում են առանձին փուլերի։

Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին պալեոլիթը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 միլիոն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 000 տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայաններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Դրանցից հայտնի է Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը, որի տարիքը մոտ 1,8 միլիոն տարի է։ Այն Հարավարևմտյան Ասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում նաև Ազոխի քարայրն ԱրցախումԱրտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։ Միջին պալեոլիթի ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հազար տարի առաջ։ Վերին պալեոլիթն ընդգրկում է մոտ 40000-14000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան մասերում՝ Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհումՏիգրիսի ավազանում և այլուր։

Միջին քարի դարի հուշարձանների թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում։

Նոր քարի դարի ընթացքում՝ մ.թ.ա. 8 հազարամյակի վերջերից, արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. X հազարամյակից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված «սալե կոթողների տունը» և «գանգերի տունը»: Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կապված էին նախնիների պաշտամունքի և ցլի պաշտամունքի հետ։ Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել են մոտ 700 քարե արձանիկներ։

Մ.թ.ա. V հազարամյակի կեսերին և IV հազարամյակի ընթացքում Հայկական լեռնաշխարհի ցեղերը թևակոխել են պղնձի-քարի դար (էնեոլիթ), որին հաջորդում է բրոնզի դարը (մ.թ.ա. III-II հազարամյակներ)։ Լեռնաշխարհը ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։ Տարածում է գտնում Կուր-Արաքսյան մշակույթը. հայտնի է Շենգավիթյան մշակութային համալիրը Երևանի հարավարևմտյան մասում։ Մ.թ.ա. III հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեխք-Վանաձորյան մշակութային համալիրները։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։ Լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում մ.թ.ա. II հազարամյակի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջին բրոնզիդարյան մշակույթը:

Մ.թ.ա. XVI դարի վերջից մ.թ.ա. XIII դարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգորդվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը։ Այդ ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույնները, նետասլաքները, մեծաքանակ ուլունքները և այլ նյութեր։

Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. II հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը՝ ՍյունիքՄուշԽնուս և այլն, Առաջավոր Ասիայում դարձավ հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավեց։

Հայաստանը գտնվում է Մերձավոր Արևելքում՝ Հարավային Կովկասում։ Այստեղ կան միջազգայնորեն ճանաչված երեք (Հայաստան, ՎրաստանԱդրբեջան) և փաստացի գոյություն ունեցող երեք (ԱբխազիաՀարավային ՕսիաԱրցախ) հանրապետություններ։ Նախկին ինքնավար հանրապետություններից Նախիջևանը պահպանել է իր կարգավիճակը, իսկ Աջարիան դարձել է Վրաստանի մարզերից մեկը։

Հայաստանի Հանրապետությունը հյուսիսից սահմանակից է Վրաստանի, հարավից՝ Իրանի, արևելքից՝ Ադրբեջանի, արևմուտքից՝ Թուրքիայի հետ։ Հանրապետության հարավային մարզերը՝ Սյունիքն ու Վայոց ձորը արևելքից սահմանակցում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքում հայկական երկրորդ հանրապետությունն է՝ Արցախը։

Հայաստանի սահմանների երկարությունը հասնում է 1 570 կմ է։ Արևելյան սահմանի երկարությունը հասնում է 566 կմ֊ի․ սահմանից այն կողմ Ադրբեջանն է ու Արցախը։ Արևմուտքում անցնում է թուրքական սահմանը (311 կմ), ապա՝ Ադրբեջանի անկլավային տարածք Նախիջևանի սահմանը (221 կմ)։ Հայաստանի հյուսիսային սահմանը Վրաստանի հետ ունի 219 կմ, իսկ հարավային սահմանն Իրանի հետ՝ 44 կմ։

Երկրի տարածքը կազմում է 29․743 կմ2, որի 71,3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12,4%՝ անտառային, 7,7%՝ հատուկ պահպանվող տարածքներ և 8,6%՝ այլ հողեր։ Թեև Հայաստանի տարածքը փոքր է, սակայն հողային ծածկույթը խիստ բազմազան է։ Դրա վրա ազդող գործոններից ամենակարևորները համարվում են կլիման, տեղանքի ռելիեֆը և զանազան ապարների առկայությունը։ Մեր երկրում հողերը, ինչպես և կլիման, փոխվում են վերընթաց գոտիականությամբ։ Երկրի այն հատվածներում, որտեղ կան ռելիեֆի դրական ձևեր՝ լեռներ, բլուրներ, թմբաշարեր, սարեր, այդտեղ հողերը աղքատիկ են, բարակ շերտով, հումուսով աղքատ, լվացված, գերակշռում են կմախքային հողերը։ Իսկ ռելիեֆի բացասական ձևերում՝ գոգավորություններ, գետահովիտներ, լեռան ստորոտներ, դաշտեր, գերակշռում են հումուսով հարուստ ու բերրի հողերը:

Հայաստանի անկախացումից (1991) հետո հանրապետությունում սկսվել է ազատ շուկայական հարաբերություններին, սեփականության պետական միասնական ձևից սեփականության բազմաբնույթ ձևերին անցնելու գործընթացը։

1999-ին սեփականաշնորհվել է 1492 փոքր, միջին և խոշոր ձեռնարկություն, պետ․ գույքը, առևտրի, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման, անավարտ շինարարության օբյեկտների գերակշռող մասը։ Գյուղատնտեսության մեջ (սկսած 1991-ից) սեփականաշնորհվել են հողը, գյուղատնտեսական կենդանիները, մեքենաների և արտադրական այլ միջոցների 85-90%-ը։ 1993-ի նոյեմբերին արմատավորվել է Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, որով հնարավոր է դարձել վարել անկախ և ինքնուրույն դրամավարկային ու գանձարանային քաղաքականություն։ 1992-ից ազատականացվել են գները և արտաքին տնտեսական կապերը։ Արմատավորվել են հարկային և բյուջետային նոր համակարգեր, գործողության մեջ են դրվել հարկերի տարբեր տեսակներ, կրճատվել բյուջեի հաշվին կապիտալ ներդրումները, բացառվել լրավճարները, ստեղծվել արտաբյուջետային հիմնադրամներ։

Երկրաշարժի, ապա ԽՍՀՄ փլուզման, արցախյան հակամարտության, տրանսպորտատնտեսական շրջափակման, տնտեսության համակարգային փոփոխությունների, անցումային փուլում թույլ տված սխալների հետևանքով 1991-93-ին թողարկվող արտադրանքի ծավալը կրճատվել է 60%-ով, աշխատավարձի աճը հետ է մնացել գերսղաճի տեմպից, պետական բյուջեի եկամուտների անկումը հանգեցրել է սոցիալական բնույթի ծախսերի և կենսական նշանակության սպասարկման ծառայությունների կտրուկ կրճատման, աճել է գործազրկությունը։ Չեն ձևավորվել արտադրական ներուժի լիարժեք օգտագործման և արտադրության արդյունավետ վարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, չեն լուծվել հումքի մատակարարման և արտաքին շուկա դուրս գալու խնդիրները։ Տնտեսության համակարգային փոփոխությունները, երկրաշարժը, ավանդական շուկաների կորուստը ևն հանգեցրել են շատ ձեռնարկությունների չաշխատելուն, մյուսները գործում են արտադրական հզորությունների նվազագույն կարողությամբ։ Արտադրանքի ծավալի նվազում հատկապես նկատելի էր մեքենաշինության և մետաղամշակման, թղթի-թաղանթանյութի, փայտամշակման, շինանյութերի, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերում։ Անցման փուլում տնտեսության քանակական ցուցանիշների բացասական միտումները հանգեցրել են որակական ձևախեղումների։ Եթե 1987-ին համախառն ներքին արդյունքում արդյունաբերության բաժինը 45% էր, գյուղատնտեսությանը՝ 14%, ապա 1994-ին դրանք համապատասխանաբար եղել են 25,9% և 48%: 1998-ին արդյունաբերության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում նվազել է մինչև 24%, գյուղատնտեսության բաժինը կազմել է 34,2%, ծառայությունների ոլորտինը՝ 32,3%:

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված սեպագրերը (Սևանա և Վանա լճերի ափամերձ ժայռերի վրա), ասորեստանյան աղբյուրների հիշատակումները (մ.թ.ա. IX դ-ի սկիզբ), հնագույն ժայռապատկերները (Գեղամա և Զանգեզուրի լեռներ), բազմաթիվ վայրերից (Կարմիր բլուր, Ծովինար ամրոց, Արագածի լանջեր, Վանա լճի ավազան, Արենիի քարանձավ և այլն) պեղված գյուղատնտեսական կենդանիների ոսկորները, բույսերի սերմերը, խաղողի կորիզները, գործիքները, գինու կարասները, մինչև օրս գործող հնագույն ջրանցքները (Սարդարապատի, էջմիածնի, Դալմայի, Աշտարակի և այլն), օտար և հայ գիտնականների (Հերոդոտոս, Ստրաբոն, Քսենոփոն, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի և ուրիշներ) տեղեկությունները վկայում են, որ Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի սկզբնավորման կենտրոններից է։ Ցորենի, գարու, կորեկի մշակումը Հայկական լեռնաշխարհում սկսվել է 7-8 հազար տարի առաջ, իսկ տավարը, խոզը, այծն ու ոչխարն ընտելացվել են նեոլիթի ժամանակաշրջանում։ Գյուղատնտեսական համալիրը դարեր ի վեր եղել է Հայաստանի տնտեսության գլխավոր ճղուղը։ Սա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ հայերը վարել են նստակյաց կյանք։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղերով՝ բուսաբուծությամբ (հողագործությամբ) ու անասնապահությամբ, Հայաստանում զբաղվել են հազարամյակներ առաջ։ Դա են վկայում բազմաթիվ գյուղատնտեսական գործիքները, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ։ Կարևոր ապացույց են համարվում նաև բազմաթիվ ջրանցքների առկայությունը։ Նախքան խորհրդային կարգեր հաստատվելը, Հայաստանի տնտեսությունը գտնվում էր զարգացման ագրարային, այն է, գյուղատնտեսական փուլում։ Հայաստանի խորհրդայնացումից հետո հողը պետականացվել է: Ամբողջ բնակչության ավելի քան 85 % զբաղված էր գյուղատնտեսության այս կամ այն ճյուղերով։ Ընդ որում գյուղատնտեսական համալիրիհամախառն արտադրանքը ամբողջ երկրի ՀՆԱ-ում կազմում էր 70-75 %:

ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ ամբողջ տնտեսությունը, այդ թվում և գյուղատնտեսությունը կտրուկ փոփոխությունների ենթարկվեցին։ Երկրաշարժըպատերազմը և ճգնաժամը հույժ բացասաբար ազդեցին գյուղատնտեսության վրա:

1991 թվականի անկախացումից անմիջապես հետո տեղի ունեցան զգալի փոփոխություններ գյուղատնտեսության մեջ։ Այս շրջանում, թերևս, ամենակարևոր ու բեկումնային փոփոխությունն այն էր, որ հաստատվեց հողի և գյուղատնտեսական մյուս արտադրամիջոցների նկատմամբ մասնավոր սեփականություն. կատարվեցին հողի զանգվածային սեփականաշնորհումներ։ Լուծարվեցին նախկին կոլտնտեսություններն ու սովխոզները։ Այժմ այդ հողային սեփականատերերի ընդհանուր քանակը կազմում է ավելի քան 340 հազար։ Գյուղատնտեսության մեջ այժմ զբաղված է ՀՀ տնտեսության մյուս ոլորտներում զբաղվողների ընդհանուր թվաքանակի շուրջ 40%-ը:

Անկախության սկզբնական ժամանակահատվածում կտրուկ անկում ապրեց գյուղմթերքի արտադրությունը, կրճատվեցին գյուղատնտեսական ցանքատարածություններն ու հողահանդակները։ Տեխնիկայի հին և մաշված լինելու պատճառով ընկավ բերքատվությունը։ Բայց հետագա տարիներին պետական ծրագրերի ներդրումներով աճ արձանագրվեցին։ Գյուղատնտեսության մեջ մասնագիտացված շատ ճյուղեր նույնիսկ գերազանցեցին ԽՍՀՄ տարիների ցուցանիշները։ Ներկայումս ՀՀ ամբողջ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմում է երկրի ՀՆԱ-ի 26 %-ը[52]:

ՀՀ գյուղատնտեսական հողերի քիչ ու սահմանափակ լինելու պարագում էլ, այսօր երկրում զարգանում է բազմաճյուղ գյուղատնտեսությունը։ Դրա վրա ազդող ամենագլխավոր գործոնը համարվում է բնակլիմայական պայմաններ, որոնք թույլ են տալիս զբաղվելու զանազան ճյուղերով։ Ներկա դրությամբ ՀՀ գյուղատնտեսության մեջ կան շուրջ երեսուն ճյուղեր։ Մեր երկրի կլիման թույլ է տալիս, որպեսզի երկրում մշակվեն 100-ից ավելի բուսատեսակներ: